Պարույր Սևակի Ամանորյա ուղերձը՝ «Դիմում եմ պահանջելու պես»

Պարույր Սևակի Ամանորյա ուղերձը

Սիրելի ազգակիցներ, երկրագնդի բոլոր միջօրէականներն ու հորիզոնականները անհայրենիք հայի ոտքերով հատած հեռավոր հարազատներ: Գալիս է Նոր տարին, Կաղանդը, Ամանորը:

Գալիս է ու մեզ համար, որ ժողովուրդ ենք, բայց ժողովված չենք: Ուրեմն թող նա գա նախ և առաջ իբրև մեջքապնդող գոտի բոլորիդ համար՝ աշխարհագրական ո՛ր գոտիներում էլ լինենք: Եթե համբերությունը թել է, մերը պիտի պարան կոչվի և հյուսված լինի ոչ թէ թելերից, այլ ջղերից մեր սեփական, մեր մկաններից ու նյարդերից:

Թող Նոր տարին նորոգի ձեր ջղերը, ամրապնդի ձեր մկանները, երիտասարդացնի ձեր նյարդերը:Աչքերը տեսնելու համար են և ոչ թէ միայն ճանապարհ պահելու: Բոլորիս աչքերն էլ ճանապարհ են պահում. մենք՝ ձեր ճանապարհը, դուք՝ մեր ու ձեր հայրենիքի: Թող բոլորիս աչքերն էլ պայծառանան Նոր տարում, և ճանապարհները կրճատվեն, և սպասելիքները մոտենան:

Բարին է առաջնորդել մեզ հազարամյակներ շարունակ: Մեր տվածի գեթ մի մասը պիտի որ մեզ վերադարձնի բախտ կոչվածը, որքան էլ հուլաբար ու ծուլաբար քայլի: Թող գալիք տարին արագացնի այդ քայլքը, ու բարին հասնի բոլորիդ ու բոլորիս:

Թող հայ մանուկներ շատ ծնվեն Նոր տարում և ծնվեն ճակատի այլ գրով. կնունքը՝ որտեղ կուզի, բայց նրանց հարսանյաց հանդէսը կատարվի մեր մայր հայրենիքում, ստորոտներում այն լեռների, ափունքներում այն լճերի ու գետերի, որոնց անունն արտասանելիս դողում են մեր շուրթերը և փշաքաղվում է մեր մաշկը…

Թույլ տվեք, և ձեր անունից, Նոր տարվան դիմել նաև չափածո.

«Դիմում եմ պահանջելու պես»

Դո՛ւ, որ գալիս ես մեր մանուկների արդար պահանջով,
Իբրև պատասխան նրանց սրսըփուն ակնկալիքի.
Դո՛ւ, որ գալիս ես մրսկան արտերի դողդոջուն կանչով,
Իբրև պատասխան նրանց կարիքի.
Դո՛ւ, որ ոտներըդ խճողել ես դեռ անցյալի ցանցով,
Մինչդեռ ձեռքերըդ մեկնել ես արդեն կանչող գալիքին,-
Արի՜, Նո՛ր Տարի,
Գալուստըդ բարի՜:

Արի՜, Նո՛ր Տարի,
Բայց… այնպէ՛ս արի,
Որ ատոմական այս ահեղ դարի
Գոռ ժամացույցը ինքն իրեն լարի
Մայրացած հարսի սրտատըրոփի համաչափութեամբ,
Եվ նրա անտես սլաքները զույգ
Իրենց վիրավոր թևաթափութեամբ
Ոչ թէ մեզ կրկին
Քարանձավների անաչ խոռոչը մատնացույց անեն,
Այլ Տիեզերքի անկոխ դաշտերին
Մեր զույգ աչքերի հայացքը տանեն…

Արի՜, Նո՛ր Տարի,
Բայց… այնպէ՛ս արի,
Որ ավելանա աշխարհի բարին,
Եվ այդ աշխարհի բախտի վրայով
Խևորեն ձգված մետաղալարին
Լարախաղացի ծպտըված տեսքով Չա՛րը չպարի՝
Ողջ մարդկութեանը դնելով ծանոթ ծաղրածուի տեղ…

Ձյունն է վար իջնում
Ու ծածկում մայթեր, ծառեր ու թիթեղ:
Իսկ ուրիշ մի տեղ
Անձրևն է կրկին
Երկինք ու երկիր մէկմէկու հինում,
Կարծես թէ հսկա տավիղ է շինում,
Որի հոսանուտ լարերի վրա
Իրիկնամուտի տավղահար քամին
Մրսած մատներով
Պիտի նվագի հինավուրց տաղեր՝
Ի վերա սիրո,
Վասն խնդութեան,
Վասն մարդկային ոգու խենթութեան:

Անձրևի տեսքով,
Ձյան կերպարանքով
Այդ դու ես գալիս:
Արի՜, Նո՛ր Տարի,
Գալուստդ բարի՜:
Բայց… այնպէ՛ս արի,
Որ անձրևը հորդ սրբելով տանի
Ոչ միայն կեղտը հոգնած մայթերի,
Այլ նաև փոշին ու մուրը հոգու,
Այլև խավար խոհ ու խարդախ խոկում,
Եվ ձյունը իջնի որոգայթների՛,
Ծանըր ամոթից շիկնած այտերի՛,
Ուրացումներից դեղնած-ժանգոտած սրտերի՛ վրա
Եվ իր այդ ճերմակ բարությամբ շռայլ
Մարդուն մարդու դէմ պարզերե՜ս անի…

Արի՜, Նո՛ր Տարի,
Բայց այսպէ՛ս արի,
Եվ ոչ թէ այնպէ՛ս, որ ձյունը ճերմակ
Դառնա վարակի սավան ու վերմակ,
Եվ որ անձրևի ջուրն աստվածային
Մարդու արյունը ջրի վերածի,
Ու ճառագա՛յթը, ճառագա՜յթն անբիծ
Մկըրտվի իբրև մի ահեղ ու պիղծ
Նոր հիվանդութեան դիվային անուն,
Որից մինչև իսկ մահն է մահանում…
Արի՜, Նո՛ր Տարի,
Գալուստդ բարի՜:
Եվ արթնացրո՛ւ քո թնդուն քայլքով
Ուշ մնացածին,
Քնով տարվածին.
Տո՛ւր ապաքինում հոգով ցավածին,
Հիասթափվածին՝ նոր մի հիացում,
Սիրասթափվածին՝ մի նոր միացում.
Ձեռքից հավատը փախուստ տվածին,
Իբրև Նոր Տարվա բաղձալի նվեր,
Տո՛ւր նոր հավատի կապակուռ թևեր,
Մանկանը՝ մեծի մտքի լիացում,
Մեծին՝ մանուկի անարատություն,
Տափարակներին՝ Արարատություն,
Իսկ Երկրագնդին՝ մի առատություն,
Որ նրա վրա Քաղցը այսուհետ
Չունենա ո՛չ մի կայսրություն ու գահ,
Ու Սարսափն իրեն թագակիր չզգա.
Որ Ազատությունն իր բառէ գունեղ շապիկը ճեղքած
Տրվի ճախրանքի,
Ու Մարդն ազատվի իր հին գերութեան նոր հաճախանքից,
Ու Մարդն այսուհետ ո՛չ մի տեղ երբեք չգունավորվի.
Եվ որ այլևըս ո՛չ մի ժողովուրդ,
Ո՛չ մի ազգ ու ցեղ
Պատմութեան քափից ու սև մրուրից չթունավորվի,
Դառնա լիազո՛ր, դառնա լիիրա՛վ,-
Ու մենք, վերջապէ՜ս, հասկանա՛նք իրար.
Ամենքըս, բա՜վ է, հասկանա՛նք իրար:
Նաև հասկանա՛նք,
Որ մեր իսկ արյան գնդիկը մանըր
Այս Երկիր կոչված գնդից ավելի մեծ է ու ծանըր…

————————————
Պարույր Սևակի ամանորյա ռադիոելույթը 1963թ. դեկտեմբերի 31-ին ,
Երևան:

Angelikamanukyan