Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ոլորտում շրջանառվող նոր կեղծիքների վերաբերյալ:  Մեթր Գասպար Տէրտէրեանի «Աւանդական Սփիւռքը՝ Կը Տեղքայլէ Յառաջապահ Նոր Սփիւռքը՝ Կը Քայլէ» հոդվածում տեղ գտած անճշտությունների եւ կոպիտ սխալների կապակցությամբ: 

Հարգելի խմբագրություն «ՌԱԿ Մամուլ»-ի

Մենք ողջունում ենք Մեթր Գասպար Տէրտէրեանի «Աւանդական Սփիւռքը՝ Կը Տեղքայլէ Յառաջապահ Նոր Սփիւռքը՝ Կը Քայլէ» հոդվածի հրապարակումը Ձեր մամուլի էջերում, որովհետեւ սա առաջին դեպքն է, կարծես, երբ արտերկրի հայ մամուլը անդրադառնում է Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների, իրականում՝ հայերի իրավունքների, պաշտպանության մերօրյա գործընթացին եւ նրա դերակատարներին։

Ճիշտ է, հոդվածում տեղ են գտել կոպիտ սխալներ ու անճշտություններ, սակայն հույս ունենք, թե մեր պատասխան հոդվածը նույնպես կհրապարակվի Ձեր մամուլի էջերում։ Որովհետեւ պատրաստ ենք կատարելու հոդվածում թույլ տրված սխալների ուղղումներ եւ էական ճշգրտումներ, որոնց զուգահեռ, իսկ դա ամենակարեւորն է, նաեւ լրացումներ՝ գործընթացի իրական զարգացումների վերաբերյալ։

Այստեղ հավելենք միայն, որ 2018 եւ 2019 թթ․ ընթացքում մեր կողմից՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան), ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարին եւ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի Մշտական Անդամ Պետություններին ուղարկվել են պաշտոնական չորս դիմումներ հայ ժողովրդի իրավունքները կյանքի կոչելու եւ իրականացնելու հարցերով։

Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Վարչապետ

11 սեպտեմբեր 2019 թ

****

Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ոլորտում շրջանառվող նոր կեղծիքների վերաբերյալ

Մեթր Գասպար Տէրտէրեանի «Աւանդական Սփիւռքը՝ Կը Տեղքայլէ Յառաջապահ Նոր Սփիւռքը՝ Կը Քայլէ» հոդվածում տեղ գտած անճշտությունների եւ կոպիտ սխալների կապակցությամբ

Մենք պատասխանելու ենք հնարավորինս կարճ ու հակիրճ, որովհետեւ թեմային անդրադարձել ենք ավելի քան 16 անգամ եւ այստեղ նշելու ենք այդ հրապարակումներից մի քանիսի վերնագրերը, օրինակ՝ «Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգում կատարված փոփոխությունների վերաբերյալ», «Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները դադարեցված են», «Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) նախագահի ուղերձը պատգամավորներին ու պաշտոնյաներին», «Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահի ուղերձը պաշտոնյաներին ու պատգամավորներին», «Արեւմտյան Հայաստանի, այսպես կոչված, կառավարությունների մասին», «Շարունակվող կեղծիքներ Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի հայերի իրավունքների պաշտպանության ոլորտում» եւ այլ, որոնց կարող եք ծանոթանալ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) կառավարության եւ խորհրդարանի պաշտոնական http://gov-wa.infohttp://parliament-wa.info/ կայք էջերում, «Հրապարակումներ» բաժնում։

Հոդվածում հիմնականում գործածելու ենք «անճշտություններ եւ կոպիտ սխալներ» բնութագրումները եւ փորձելու ենք խուսափել «կեղծիքներ» բնութագրումից՝ հաստատ իմանալով, որ Գասպար Տերտերյան մտավորականը երբեք չի դիմել կեղծիքների։ Հասկանալի է, որ հոդվածում տեղ գտած կեղծիքների հրահրողները նրան այդ որակի տեղեկություններ փոխանցողներն են։

Այնուհանդերձ զարմանում ենք, որ նման հմուտ մտավորականը իրեն նեղություն չի տվել համակողմանի ուսումնասիրելու Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների ոլորտում գոյություն ունեցող բոլոր փաստերը եւ բավարարվել է նրանով, ինչ փոխանցել են նրան, այլապես նա ծանոթ պետք է լիներ նաեւ այն բոլոր հրապարակումներին եւ իրադարձություններին, որոնք նշեցինք վերեւում։ Ցանկության դեպքում, երբեք ուշ չէ դրանց ծանոթանալու համար։

1

Օրինական ընտրությունների միջոցով ձեւավորված միակ իրավաչափ խորհրդարանի մասին։

Գասպար Տերտերյանը գրում է․ «Ուրեմն, մեր բոլոր նախկին աւանդական-դրամատիրականներու ցարդ ցոյց տուած տխուր վախճանին դիմաց, մխիթարական զարթօնք մը կայ այսօր՝ սկսած 2004 թուականէն. Ստեփանակերտի մէջ, հիմնումովը Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդին, որ այսօր կը գործէ որպէս Արեւմտեան Հայաստանի անկախ ճանչցուած պետութեան իրաւական շարունակութիւնը, որ գրանցուած ունի արդէն 28 հազար քաղաքացիներ՝ ոչ միայն Սփիւռքի տարբեր շրջաններէն, այլեւ՝ Արեւմտահայաստանի որոշ շրջաններէն…։ Ունի ընտրեալ խորհրդարան՝ նախ (2014-ին) 64 երեսփոխաններով, եւ երկրորդ ընտրութեան (2018 թ. Դեկտեմբեր) 77 երեսփոխաններով, որ իր նիստերը կը գումարէ համացանցի վրայ։ Կառավարութիւնը՝ 13 նախարարութիւններով, Բ. դահլիճին վարչապետն է Սուրիահպատակ Գառնիկ Սարգիսեան անուն ճարտարագէտը, թոռը Պոլսահայ Շապուհի եւ որդին Ատանացի Վահագնի ու Շապին Գարահիսարցի Սրբուհի Տէրտէրեանի։ Իսկ Հանրապետութեան նախագահ Արմենակ Աբրահամեանի մնայուն նստավայրն է Ֆրանսայի Մարսիլիա քաղաքը»։

Հոդվածի մեջ մեկ այլ տեղում Գասպար Տերտերյանը շարունակելով զարգացնել թեման գրում է․ «Արեւմտեան Հայաստանի անկախ ճանչցուած պետութեան իրաւական շարունակութիւնը եղող այս պետութիւնը․․․ Տարագիր Արեւմտահայութենէն կը պահանջէ՝ կազմակերպուիլ կեդրոնական, ներկայացուցչական (ընտրովի) եւ միակ լիազօր իրաւական անձնաւորութեան (personne juridique) մը մէջ։ Տարագիր Արեւմտահայութեան միակ ներկայացուցչական ընտրեալ մարմինը՝ Արեւմտեան Հայաստանի խորհրդարանն է եւ անոր կողմէ ընտրուած նախագահն ու անոր վստահութեան քուէն ստացած վարչապետը…»։

Պարբերության մեջ նշված «ընտրեալ խորհրդարանի» «երկրորդ ընտրութիւնը, 2018 թ դեկտեմբեր» կեղծիք է, եւ երկրորդ պարբերության մեջ նշված․ «միակ լիազօր իրաւական անձնաւորութեան (personne juridique) մը» եւ «միակ ներկայացուցչական ընտրեալ մարմինը՝ Արեւմտեան Հայաստանի խորհրդարանն է եւ անոր կողմէ ընտրուած նախագահն ու անոր վստահութեան քուէն ստացած վարչապետը…» նույնպես կեղծիք է, որովհետեւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանի լիազորությունները դադարեցվել են 2017 թ․ հունիսի 11-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 5-րդ նստաշրջանում՝ իշխանությունը զավթելու փորձի մեղադրանքով։

Հետեւաբար, նախագահի լիազորություններից զրկված Արմենակ Աբրահամյանը չէր կարող եւ իրավունք չուներ կեղծ խորհրդարանական ընտրություններ հրահրելու, դրա միջոցով «նախագահ» հռչակվելու, դրա միջոցով «վարչապետի թեկնածու» Գառնիկ Սարգսյանին առաջադրելու, կեղծ կառավարություն կազմելու գործընթաց հրահրելու։ Հասկանալի է, որ գործ ունենք ապօրինի ու անօրինական գործողությունների՝ ապօրինի ընտրությունների եւ ոչ իրավաչափ խորհրդարանի, ինքնակոչ նախագահի, ապօրինի նշակված վարչապետի հարցերին առնչվող անօրինական գործողությունների ու փաստերի հետ։

Հոդվածին կից ուղարկում ենք Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 5-րդ նստաշրջանի նիստի Արձանագրությունը։ Հավելենք, որ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 5-րդ նստաշրջանում, 2017 թ․ հունիսի 11-ին, պատգամավորները՝ խորհրդարանի նախագահ Արմեն Տեր-Սարգսյանի գլխավորությամբ, ընտրեցին Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) նոր նախագահ, նախագահ դարձավ Ռադիկ Խամոյանը, վարչապետի պաշտոնում վերահաստատվեց Տիգրան Փաշաբեզյանը։

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարանը) 2014-2018 թթ․ ընթացքում անշեղ եւ իրավաչափ կերպով շարունակել է աշխատանքները գումարելով 1-ին գումարման 7 նստաշրջան, եւ 2-րդ գումարման մեկ նստաշրջան, վերջինը՝ 2018 թ․ սեպտեմբերի 27-28-ին։

Ըստ այդմ, ընդհանուր պատկերն այսպիսին է։

2013 թ․ նոյեմբերին, առաջին անգամ, համացանցում՝ էլեկտրոնային ուղղակի քվեարկության միջոցով, անցկացվել են Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի պատգամավորների ընտրություններ: Դրանց մասնակցել են 17 հազար 837 ընտրող՝ Արեւմտյան Հայաստանի քաղաքացի, 41 երկրներից, ընտրել են 64 պատգամավոր:

2018 թ. սեպտեմբերի 1-5-ը կայացել են Խորհրդարանի 2-րդ գումարման ընտրություններ, որին մասնակցել են 51 հազար 505 ընտրող՝ Արեւմտյան Հայաստանի քաղաքացի, 47 երկրից, միասնական ցուցակով ընտրել են Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 101 պատգամավոր:

2018 թ. սեպտեմբերի 1-5-ը Խորհրդարանի 2-րդ գումարման 1-ին նստաշրջանում հաստատվել են Խորհրդարանի մշտական հանձնաժողովները, ընտրվել են նրանց ղեկավարները, ինչպես նաև Խորհրդարանի նախագահ է ընտրվել Արմեն Տեր-Սարգսյանը։

Համաձայն Արեւմտյան Հայաստանի «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» օրենքի՝ հոդված 42, Խորհրդարանի պատգամավորների կազմից նախագահ է ընտրվել Ռադիկ Խամոյանը։

Եւ համաձայն նույն օրենքի՝ հոդված 44, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Ռադիկ Խամոյանի առաջարկությամբ, Խորհրդարանը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում հաստատել է Տիգրան Փաշաբեզյանին։

Սա է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) օրինական ընտրությունների միջոցով ձեւավորված միակ իրավաչափ (legitim) Խորհրդարանը, որ գործում է մինչեւ այսօր։

2

Հուշագրի եւ Դիմումնագրերի հարցերի մասին։

Գասպար Տերտերյանը գրում է․ «2007 թուին, Արեւմտեան Հայաստանի պետութիւնը անդամագրուած է ՄԱԿ-ի Բնիկ Ժողովուրդներու Իրաւանց Փորձագիտական Յանձնաժողովին, որուն նիստերուն կը մասնակցի իր մնայուն ներկայացուցիչը անկէ ներս։ Վերջերս, նախագահն ու վարչապետը Արեւմտեան Հայաստանի անունով Յուշագիր մը յղեցին Օսաքայի G20-երու գագաթաժողովին առիթով Թրամփ եւ Փութին հանդիպումին, պահանջելով գործադրութիւնը Թուրքահայաստանի Անկախութեան Մասին Դեկրետին եւ նախագահ Ուիլսոնի Իրաւարար Վճիռին, առաւել՝ 12.5 թրիլիոն տոլարի վնասուց նիւթական հատուցում մը։ Թրամփ եւ Փութին չպատասխանեցին․․․»

Այստեղ խոսքը 2019 թվականի հրապարակ նետված «Յուշագիր մը յղեցին»-ի մասին է, որին «Թրամփ եւ Փութին չպատասխանեցին․․․»։ Իրականում, այդ հուշագիրը կարող ենք կոչել ինքնահռչակների եւ ինքնակոչների կողմից սեփական ձախողումն ու անճարակությունը քողարկելու ու թաքցնելու քարոզչական «փիառ» հնարք, ի դեպ, չստացված հնարք։

Եթե պարոն Տերտերյանը համացանցում եւ զանգվածային լրատվամիջոցներում առկա տեղեկատվությունն ավելի նախանձախնդիր ու ուշադիր ուսումնասիրեր, ապա կիմանար, որ Սեւրի խաղաղության պայմանագրի կնքման 99-րդ տարեդարձի նախօրյակին՝ 2019 թվականի օգոսոտոսի 7-ին, Արեւմտյան Հայաստանի Հանրապետութունը (Հայաստան) դիմել է ՄԱԿ՝ Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատումն իրականացնելու վերաբերյալ դիմումով։

Այսու, պարոն Տերտերյանը կիմանար, որ նշյալ պաշտոնական դիմումը ՄԱԿ ուղարկված թվով չորրորդ դիմումն է, որ դրանից առաջ՝ 2018 թվականի մայիս եւ նոյեմբեր ամիսներին, Արեւմտյան Հայաստանի Հանրապետութունը (Հայաստան) դիմել է ՄԱԿ՝

  • անդամակցության,
  • ԱՄՆ 28–րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22–ին կայացրած Իրավարար վճիռը կյանքի կոչելու, իրականացնելու Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) հաստատումը Իրավարար վճռով սահմանազատված տարածքի վրա,
  • Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի տարածքների ապառազմականացման, այնտեղից Թուրքիայի Հանրապետության բռնազավթիչ ուժերը դուրս բերելու վերաբերյալ,

Դուք գրում եք «յուշագրի», ըստ էության, բաց նամակի մասին, պարոն Տերտերյան, որին «Թրամփ եւ Փութին չպատասխանեցին․․․», եւ մյուս կողմից՝ անտեսում եք ՄԱԿ-ին եւ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին ուղղված եւ ուղարկված Արեւմտյան Հայաստանի Հանրապետութան (Հայաստան) պաշտոնական չորս դիմումնագրերը։ Սա է իրողությունը։

3

Համագործակցության հարցերի եւ բանակցությունների մասին։

Գասպար Տերտերյանը գրում է․ «Յառաջիկայ Հոկտեմբեր 5-ին, Հայ Նախկին Սպայից Միութիւնը, իր բոլոր միջոցներով, պիտի յարի այս շարունակուող պետութեան, որ լաւ յարաբերութիւններ ունի Սուրիոյ պետութեան հետ… եւ այս վերջինը կը քաջալերէ նաեւ՝ այս պետութեան վարչապետին ջանքերով կազմուած Կիլիկիոյ Ազգային Խորհուրդի գծով աշխատանքները, որոնց կը մասնակցին հայ, արաբ եւ ասորի դէմքեր ու կուսակցութիւններ (նաեւ՝ ղովմի-սուրի)։

Ճոխ է ներկայացված։ Բայց դուք՝ պարոն Տերտերյան, տեղյակ չեք, մենք ենք փորձառու ու լավատեղյակ, որ բոլոր այդ տեղեկությունների մեջ, ցավոք, «բլեֆը» ավելի մեծ տեղ ունի, քան իրականությունը։ Ավելին, մենք ենք տեղյակ, թե ինչպես նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանի եւ նախկին արտգործնախարար Գառնիկ Սարգսյանի մեղքով ու հանցակցությամբ՝ 2016 թվականի ընթացքում տապալվեցին եւ իրականություն չդարձան մի շարք չափազանց կարեւոր ծրագրեր։

Ինչ վերաբերվում է Հայ Սպաների Միության, եւ ոչ թե «Հայ Նախկին Սպայից Միութեան», հետ առնչվող հարցերին, ապա պետք է նշել, որ միության ձեւավորման նախաձեռնության եւ ծրագրի հիմքում բոլորովին այլ մարդիկ են եւ այլ գաղափարներ, քան ներկայացված է այստեղ: Մասնաւորապես, ծրագրի ակունքներում կանգնած են հասարակական — քաղաքական գործիչ Մացակ Փոլադյանն ու գեներալ Նարեկ Աբրահամյանը, երկուսն էլ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան) 2019 թ․ սեպտեմբերի 1-5-ը անցկացված ընտրությունների արդյունքում ձեւավորված իրավաչափ (legitim) Խորհրդարանի 2-րդ գումարման պատգամավորներ եւ Միջխորհրդարանական կապերի եւ Պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովների ղեկավարներ: Նախաձեռնող խմբի աշխատանքներին մասնակցել են Խորհրդարանի 2-րդ գումարման այլ պատգամավորներ նույնպես, օրինակ՝ Էդուարդ Փոլատովը («Թալիշ. Սահմանամերձ բնակավայրեր» պատերազմի վետերանների ՀԿ-ի նախագահ), գեներալ Անդրէաս Հովհաննիսյանը, ՀԱԲ-ի ղեկավար Արամ Թորգոմյանը եւ այլ զինվորականներ ու ազատամարտիկներ։ Այս ծրագրի հիմքում դրված են՝ հայության, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության պաշտպանության հարցերն ու խնդիրները, եւ ոչ թե «յարելը»՝ «այս շարունակուող պետութեան․․․», իրականում ինքնահռչակ կառույցի: Այսինքն, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պետական կառույցների նպատակն է եղել ձեւավորել Հայ Սպաների Միությունը եւ ոչ թե այդ ծրագիրը ծառայեցնել սեփական շահերի։

Գալով Կիլիկիայի Հայերի Ազգային Խորհրդին, ապա դա մեր կողմից շատ ավելի վաղ էր ստեղծվել, քան դրա ստեղծման մասին հայտարարեցին նրանք։ Այս հարցով՝ Տես, Կիլիկիայի Հայերի Ազգային Խորհրդի Հռչակագիրը, 21 հունիս 2017 թ․, http://gov-wa.info/?p=823&lang=hy ։

4

Սահմանադրության ընդունման ընթացակարգի եւ օրինական Սահմանադրության, ինչպես նաեւ նախագահի լիազորություների մասին։

Գասպար Տերտերյանը գրում է․ «Այս պետութիւնը մշակած է իր Սահմանադրութեան նախագիծը, որդեգրած է օրէնքներ եւ հրամանագրեր, որոնք հրատարակուած են հատորներով»։

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանի լիազորությունները դադարեցնելու պատճառներից մեկը հենց այդ, այսպես կոչված, «մշակած է իր Սահմանադրութեան նախագիծը»-ն էր։ Որովհետեւ «իր մշակած» եւ ինքնաստեղծ «սահմանադրության» օրինակի միջոցով ծրագրում էր զավթել իշխանությունը եւ դրա վրա հիմնվելով համակարգից հեռացնել անցանկալի գործընկերներին։

Ցանկանում ենք այս կապակցությամբ երկու հարց ուղղել պարոն Տերտերյանին, իսկ դուք կարդացե՞լ եք, «սահմանադրության» այդ օրինակը, եւ երկրորդ, իսկ հարցրե՞լ եք, թե ինչպե՞ս է ընդունվել «սահմանադրության» ինքնաստեղծ այդ օրինակը։ Դուք դեռ ժամանակ ունեք հարցնելու, իսկ մենք ներկայացնենք փաստերը։

ա) Նախագահի լիազորությունների մասին։

Նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանի ինքնաստեղծ «սահմանադրության» 76-րդ հոդվածի 8-րդ կետում գրված է․

«Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահին կողմէ վաւերացման ենթակայ են այն միջազգային պայմանագիրները, որոնք ունին քաղաքական կամ ռազմական բնոյթ, կամ կը նախատեսեն պետական սահմանի փոփոխութիւն»:

Նույն ձեւակերպումը կարդում ենք նաեւ 107-րդ հոդվածում.

«Ազգային ժողովը Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահի առաջարկութեամբ կը վաւերացնէ, կը կասեցնէ կամ չեղեալ կը յայտարարէ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան միջազգային պայմանագիրները, բացառութեամբ անոնց, որոնք ունին քաղաքական կամ ռազմական բնոյթ կամ կը նախատեսեն պետական Սահմանի փոփոխութիւն եւ որոնք ենթակայ են Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահի»:

Կրկնենք. «…բացառութեամբ անոնց, որոնք ունին քաղաքական կամ ռազմական բնոյթ կամ կը նախատեսեն պետական Սահմանի փոփոխութիւն եւ որոնք ենթակայ են Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահի»:

Պարոն Տերտերյան, դուք հնարավո՞ր եք համարում, որ ազգային – պետական նշանակության այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ «քաղաքական կամ ռազմական բնոյթ կամ կը նախատեսեն պետական Սահմանի փոփոխութիւն», ենթակա լինեն մեկ մարդու կամքին ու քմահաճույքին, նույնիսկ եթե նա նախագահ է:

Բացառված է: Նման օրինակ չեք գտնի աշխարհի եւ ոչ մի քաղաքակիրթ երկրի Գլխավոր օրենքում՝ ոչ մի երկրի Սահմանադրության մեջ:

Ինչ վերաբերում է գործող վարչապետի լիազորությունները դադարեցնելու եւ նոր վարչապետ նշանակելու ապօրինի հրամանագրերին, ապա այդ հարցով կարող ենք մեջբերել հետեւյալը։

Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ընդունած որոշման մէջ մասնաւորապէս նշուած է.

«Հաշուի առնելով այն հանգամանքը, որ`

-Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւնը Սահմանադրութեան բոլոր ընթացակարգերով անցած եւ ընդունուած Սահմանադրութիւն դեռեւս չունի եւ ան կ՛առաջնորդուի՝ «Արեւմտեան Հայաստանի պետական կառուցուածքի, Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի պատգամաւորներու կարգավիճակի եւ Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» օրէնքով, որ

Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահ (արդէն նախկին նախագահ) Արմենակ Աբրահամեանը խախտել է վերոնշեալ օրէնքի «Արեւմտեան Հայաստանի պետական կառուցուածքը» բաժնի հետեւեալ յօդուածներու դրոյթներն ու պահանջները.

Յօդուած 44) Արեւմտեան Հայաստանի նախագահը`

-Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի համաձայնութեամբ կը նշանակէ ու կ՛ազատէ Արեւմտեան Հայաստանի կառավարութեան վարչապետին,

-Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի համաձայնութեամբ որոշում կը կայացնէ Արեւմտեան Հայաստանի կառավարութեան հրաժարականի մասին․․․»։

Հետաքրքիր է, որ նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանի ինքնաստեղծ «սահմանադրության» օրինակի մեջ՝ 3-րդ հոդվածի 3-րդ կետում, պահպանված ու նշված է նաեւ, որ «Իշխանութեան իւրացումը որեւէ կազմակերպութեան կամ անհատի կողմէ յանցագործութիւն է»:

Ըստ այդմ, Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորները, 1-ին գումարման 5-րդ նստաշրջանում, 2017 թ․ հունիսի 11-ին, քննելով ստեղծված իրավիճակը՝ որոշեցին «Դատապարտել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանի կողմից պետական իշխանությունը յուրացնելու փորձը» եւ «զրկել Արմենակ Աբրահամյանին նախագահի լիազորություններից»։

 բ) Սահմանադրության ընդունման ընթացակարգի եւ օրինական Սահմանադրության մասին։

Սահմանադրության ընդունումը պարտադիր քայլերի ամբողջականությունից բաղկացած գործընթաց է. Ազգային Ժողովի կողմից կազմվում է Սահմանադրության նախագծի մշակման հատուկ հանձնաժողով։ Հատուկ հանձնաժողովը Սահմանադրության նախագիծը ներկայացնում է 1-ին, 2-րդ եւ 3-րդ ընթերցման, որից հետո դրվում է համաժողովրդական քննարկման, այնուհետեւ համաժողովրդական հանրաքվեի եւ հանրաքվեի արդյունքների համաձայն ընդունվում: Սահմանադրության տակ ոչ ոք ստորագրություն չի դնում, այդ թվում հանրապետության նախագահը, ստորագրություն չի դնում որեւէ խումբ կամ կառույց:

Պարոն Տերտերյան, իսկ դուք հարցրել եք, թե ինչպե՞ս է «ընդունվել» ինքնաստեղծ «սահմանադրության» գրպանի այդ օրինակը, դուք գիտե՞ք, որ այդ օրինակը նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանն է՝ «ստորագրել, վավերացրել, ընդունել» (սրանք նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանի բերած հիմնավորումներն ու փաստարկներն են, որ ներկայացնում ենք) եւ ցանկանում էր պարտադրել մեր պետական համակարգին։

Սահմանադրության ընդունման ընթացակարգի հետ կապված մեջբերենք մի քանի փաստ եւս։

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 4-րդ նստաշրջանը որոշել է «2-րդ ընթերցմամբ հաստատել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագիծը»: Որոշումն ընդունվել է միաձայն, 17.12.2016:

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանը «3-րդ ընթերցմամբ հաստատել է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագիծը, որը դրվելու է համաժողովրդական քննարկման», 11.06.2017:

Այս ամենը նշանակում է, որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը դեռեւս չի անցել անհրաժեշտ բոլոր ընթացակարգերով եւ չի կարող ընդունված համարվել։

5

Խորհրդարանի «կեդրոնական» եւ «միակ լիազոր» լինելու հանգամանքի մասին։

Գասպար Տերտերյանը գրում է․ «Մենք՝ Տարագիր Արեւմտահայութեան Համասփիւռքեան Քոնկրէսի հետեւորդներս, երեսուն տարի կոչ ըրինք Տարագիր Արեւմտահայութեան զանգուածներուն՝ յարելու ՏԱՀՔ-ի ծրագրին, որպէսզի համահայկականօրէն ձեռնարկենք ՏԱՀՔ-ի կազմակերպումին։ Զանգուածները եւ աւանդական կուսակցութիւնները անտարբեր մնացին։ Այս պետութեան նախաձեռնողները (2004-2019) սկսան՝ մասնաւորէն, հասնելու համար հաւաքականին, եւ՝ յաջորդական յաջողութիւններ արձանագրեցին ցարդ։ Այդ յաջողութիւնները տակաւին բաւարար չեն այս ընտրեալ ներկայացուցչական խորհրդարանին տալու «կեդրոնական»ի եւ «միակ լիազօր»ի հանգամանքները։ Տարագիր Արեւմտահայութեան ամէն անկեղծօրէն յանձնառու անդամին առաջնահերթ պարտականութիւնն է զօրացնել այս պետութիւնը, զայն դարձնելով նաեւ՝ ոչ միայն ընտրեալ, այլեւ՝ կեդրոնական եւ միակ լիազօր»։

Պարոն Տերտերյան, հնարավոր չէ այդ, այսպես կոչված, «ընտրեալ ներկայացուցչական խորհրդարանին» տալ «կեդրոնական»ի եւ «միակ լիազօր»ի հանգամանքները» եւ այդ պետությունը դարձնել «ոչ միայն ընտրեալ, այլեւ՝ կեդրոնական եւ միակ լիազօր»։ Դուք գիտեք, թե ինչ է նշանակություն ունի «փաստերի համառ բնույթը» արտահայտությունը։ Ժամանակին մենք Գառնիկ Սարգսյանին հրավիրեցինք մասնակցելու մեր աշխատանքներին, օգնելու մեզ։ Նրա «առաքելությունն» ու «աջակցությունը» եղավ այն, որ անմիջապես եւ անմիջականորեն սրեց համակարգում առկա տարակարծությունը տարբեր հարցերի վերաբերյալ, տալով դրանց անհաղթահարելի դիմակայության բնույթ եւ ուժականություն։ Օրինակ, երբ մեր կողմից տարվող մի անկեղծ զրույցի ժամանակ քննարկում ու քննադատում էինք նախագահ (այժմ արդեն նախկին) Արմենակ Աբրահամյանի բռնած վարքագիծը ընթացիկ աշխատանքների ու գործընկերների նկատմամբ՝ Գառնիկ Սարգսյանն ասաց․ «Դժգոհ եք, ժողով գումարեք ու հանեք նրան նախագահի պաշտոնից»։ Ճիշտն ասած, մենք այդպիսի մտադրություն կամ ծրագիր չունեինք եւ չենք ունեցել մինչեւ 2017 թ․ մայիս, մինչեւ այն պահը, երբ նախկին նախագահը հիմնվելով «սահմանադրության» ինքնաստեղծ օրինակի վրա՝ ստորագրեց ապօրինի հրամանագրեր։ Բայց զարմանալիորեն այդ խոսքերը իրականություն դարձան նախկին նախագահի համար, որովհետեւ հանգեցին նրա լիազորությունների դադարեցմանը եւ, ըստ էության, նրա եւ նրան հարող խմբի հետագա ապօրինի ու անօրինական գործունեությանը։

Սա է ճշմարտությունը, ինչ այստեղ ներկայացվեց։ Կարելի է եւ ավելին գրել ու շատ ավելի մանրամասներ ներկայացնել, սակայն կարծում ենք այս պահին այսքանն էլ բավարար է։

6

Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ոլորոտում իրականացված աշխատանքների, իրավական – քաղաքական հիմքերի մասին։

Ամբողջական պատկերացում կազմելու համար նշյած հարցերի վերաբերյալ առաջարկում ենք մուտք գործել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) կառավարության ու խորհրդարանի պաշտոնական կայք էջեր՝ www.gov-wa.infowww.parliament-wa.info եւ ծանոթանալ «Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության իրավական-քաղաքական միասնական փաթեթ»-ին, «Իրավական փաթեթ» բաժնում։

Ժողովածուն ամփոփում է Հայկական Հարցի կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական – քաղաքական հիմքերը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները:

Ժողովածուն հրապարակվում է հայերեն (արեւելահայերեն, արեւմտահայերեն), ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն լեզուներով։ Բնագիր է համարվում հայերենը:

Ժողովածուն վերամշակելու անհրաժեշտությունը առաջացել է 2019 թ․ օգոստոսի 7-ից հետո, ըստ այդմ, ժողովածուի բոլոր նոր օրինակներում նշված են վերամշակման ճշգրիտ թվականները։

Նշենք նաեւ, որ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության աշխատանքներին մասնակցել եւ մասնակցում են արտերկրի եւ ՀՀ-ի ճանաչված ու հարգված հասարակական – քաղաքական գործիչներ, մտավորականներ, զինվորականներ, իրավաբաններ, պատմաբաններ, տնտեսագետներ, մշակույթի գործիչներ․ լրագրողներ, ում անուններին եւ կենսագրությանը կարող եք ծանոթանալ մուտք գործելով խորհրդարանի ընտրությունների պաշտոնական հետեւյալ http://elections-western-armenia.info/ կայք էջը։

Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատանքները շարունակվում են եւ ոչինչ չի կարող խանգարել կամ խաթարել դրանք։ Համոզված ենք մեր գործի արդարացիության, իրավաչափության եւ ակընկալվող հաջողությունների վերաբերյալ։

 Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Վարչապետ

11 սեպտեմբեր 2019 թ

****

 Աղբյուրը՝ «ՌԱԿ  Մամուլ»