Մամլո հաղորդագրություն — Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատումն իրականացնելու վերաբերյալ

Արեւմտյան Հայաստանի Հանրապետութունը (Հայաստան) դիմել է ՄԱԿ՝ Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատումն իրականացնելու վերաբերյալ առաջարկով

(Մամլո հաղորդագրություն)

Սեւրի խաղաղության պայմանագրի կնքման 99-րդ տարեդարձի նախօրյակին Արեւմտյան Հայաստանի Հանրապետութունը (Հայաստան) դիմում է հղել ՄԱԿ՝ Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատումն իրականացնելու վերաբերյալ, առաջարկելով՝ այս հարցում հաշվի առնել Փարիզի խաղաղության վեհաժողովի Հայաստան պետության սահմանները որոշող Հատուկ հանձնաժողովի 1920 թ.փետրվարի 24-ի զեկույց-առաջարկը։

Սեւրի խաղաղության պայմանագրի Հայաստանին վերաբերող հոդվածների կյանքի կոչումն ու իրականացումը վճռական քայլ է հայ ժողովրդի իրավունքների կայացման եւ Հայկական Հարցի վերջնական եւ արդարացի կարգավորման գործում։

Սույն դիմումնագիրը թվով չորրորդն է։ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պետական կառույցները 2018 թ․-ին որոշում են կայացրել եւ դիմել ՄԱԿ՝

ա) ՄԱԿ-ին անդամակցության,

բ) ԱՄՆ 28–րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22–ին կայացրած Իրավարար վճիռը կյանքի կոչելու, իրականացնելու Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) հաստատումը Իրավարար վճռով սահմանազատված տարածքի վրա,

գ) Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի տարածքների ապառազմականացման, այնտեղից Թուրքիայի Հանրապետության բռնազավթիչ ուժերը դուրս բերելու վերաբերյալ։

Նշյալ դիմումնագրերը 2018 թ. մայիս, նոյեմբեր եւ 2019 թ․ օգոստոս ամիսներին ուղարկվել են ՄԱԿ:

Հայ ժողովրդի իրավունքների վերաբերյալ միջազգային իրավասու ատյաններին դիմելու գործընթացը հնարավոր է դարձել հետեւյալ քայլերի իրականացումից հետո։

Արեւմտյան Հայաստանի հայերի պետականաշինության ոլորտում ձեռնարկված աշխատանքների շնորհիվ ձեւավորվել են Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) նախագահի ինստիտուտը, կառավարությունը, խորհրդարանը եւ դրանց իրավաչափության ապահովման գործընթացներն ավարտվել են:

«Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության իրավական-քաղաքական միասնական փաթեթ» ժողովածուն ներկայացվել է հանրությանը հինգ լեզուներով՝ արեւելահայերեն-արեւմտահայերեն, անգլերեն, ռուսերեն, թուրքերեն, ֆրանսերեն, որոնք տեղադրված են կառավարության եւ խորհրդարանի http://gov-wa.info, http://parliament-wa.info/ պաշտոնական կայքերում, «Իրավական փաթեթ» բաժիններում:

Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ոլորտում կատարված օրենսդրական աշխատանքների արդյունքում ձեւավորվել է իրավական – քաղաքական – օրենսդրական դաշտ, որի եզրափակիչ մասն է լինելու Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Սահմանադրության նախագծի համաժողովրդական քննարկումը, հանրաքվեն եւ դրա արդյունքներով Սահմանադրության ընդունումը:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) ճանաչել, միացել եւ վավերացրել է առավել կարեւոր Միջազգային պայմանագրերը, Հռչակագրերը, Կոնվենցիաները։

Հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության ոլորտում վերջապես եկել է նոր գործընթաց սկսելու ժամանակը, որն էլ իրականացվում է այսօր։

Դիմումնագրերը պատրաստելիս հաշվի են առնվել հայ պատմաբանների եւ իրավագետների  ուսումնասիրությունները, հետազոտությունները, հրատարակություն- ները, այդ թվում՝ Ջոն Կիրակոսյանի, Ռուբեն Սահակյանի, Մկրտիչ Ներսիսյանի, Յուրի Բարսեղովի, Ալեքսանդր Մանասյանի, Արա Պապյանի, Մարտիկ Գասպարյանի, Լևոն Բեկլարյանի, ինչպես նաեւ «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր, կարգավորման ուղիներ» փաստաթղթերի ժողովածուի նյութերը:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) ՄԱԿ-ին ուղղված դիմումնագիրը «Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատման վերաբերյալ» առաջիկա օրերին կհրապարակվի։

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Լրատվական Ծառայություն

 08082019 թ.